«Մարդկանց ստիպում են՝ Ժ.Սեֆիլյանի դեմ ցուցմունք տան». Ալեք Ենիգոմշյան. Տեսանյութ
««Սասնա ծռերին» բոլոր օժանդակողների նկատմամբ հետապնդումները քաղաքական ենթատեքստ ունեն: Այդպես վարվեցին Կարո Եղնուկյանի հետ, ում հենց առաջին օրերին չեզոքացրին: Հետո այդ շարքը շարունակվեց, իմ դեմ մեղադրանք առաջադրվեց, որը, ճիշտ է՝ հիմա պայմանական ազատության մեջ եմ, բայց մինչև այսօր պահվում է: Մհեր Մազմանյանը, ով 6 երեխաների հայր է, մեղադրվում է նրա մեջ, որ ամսի 17-ի առավոտյան հեռախոսազանգ է ստացել»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշանը: ԱՍԱԼԱ-ի նախկին անդամին մեղադրանք է առաջադրվել Վարուժան Ավետիսյանի եւ Պավել Մանուկյանի հետ կայուն կապ պաշտպանելու, ինչպես նաեւ իրավապահ մարմինների գործողությունների մասին տեղեկություն տալու համար: Պարոն Ենիգոմշյանը ծիծաղելի է համարում իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ վերջինիս մեղադրում են, որ տեսել եւ ասել եմ, թե քանի զրահատեխնիկա է մոտենում եւ որ փողոցից: ««Սասնա ծռերի», նրանց օժանդակողների, Ժիրայր Սեֆիլյանի և մյուս քաղբանտարկյալների հետ կապված բավարար ապացույցներ չկան և դա է պատճառը, որ համապատասխան մարմինները մարդկանց ստիպում են կեղծ ցուցմունքներ տալ: Օրինակ՝ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ բավարար ապացույցներ չունեն, դիմում են իրենց սովորական սադրանքներին և սպառնալիքներին, մարդկանց հրավիրում են և ասում` պետք է Ժիրայրի դեմ ցուցմունք տաս, թե չէ քո նկատմամբ լրիվ ուրիշ մեղադրանք կլինի»,-նշեց բանախոսը:
