Ռուսաստանը մեզանից կարծիք չի հարցնում, ինքն է թելադրողը․ Սարգիս Հացպանյան
Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այն փաստը, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին եւ հայտարարում է, որ դա իր տնտեսական շահերից է բխում շատ զարմանալի է։ «Ինքնաթիռի խոցման դեպքից հետո հայ հասարակության մեջ ձևավորվել էր, թե Ռուսաստանը կգնա պատժիչ քայլերի, բայց ընդհակառակը՝ Ռուսաստանն այս առիթը շատ լավ փորձեց օգտագործել ընդդեմ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, և թե՛ Սիրիայի քաղաքականության մեջ, թե՛ տարածաշրջանում Թուրքիան դարձրեց իր համար հենարան։ Ռուսաստանը Թուրքիայի ձեռքով կարող է տարածաշրջանում տարբեր ուղղություններով քաղաքականություն ձևավորել, որի ամենակարևոր դրսևորումը մեզ համար հենց Ադրբեջանի ակտիվացումն էր Արցախում։ Քառօրյա պատեազմն արվեց հենց Ռուսաստանի ձեռքով։ Ոչ մի գաղտնիք չկա, որ Ռուսաստանն էր դա հրահրել՝ Հայաստանին հասկացնելու համար, որ ինքն է որոշում տարածաշրջանում ամեն ինչ»,-ասաց նա։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանը չի կարող նույն բանը անել Թուրքիայում, Ադրբեջանում, ինչը մեզ հետ է անում: «Ռուսաստանը մեզանից կարծիք չի հարցնում, ինքը թելադրողի կարգավիճակում է, մենք էլ` չափից դուրս հպատակի: Դարձել ենք Ռուսաստանի գուբերնիայի ոլորտում մի մարզ, ոչ թե անկախ միավոր: Ռուսաստանը գալիս է այստեղ, իր նախարարի բերանով ասում է` լավ եմ անում, զենք եմ վաճառում Ադրբեջանին, եւ դա իմ տնտեսական շահերից է բխում»,- հայտարարեց նա:
