Զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը հակառակորդի կողմից չի սպանվել․ մանրամասներ
Սեպտեմբերի 2-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած մահվան ելքով պատահարի մանրամասները պարզելու համար կատարված քննությամբ արձանագրվել է, որ զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ոչ թե հակառակորդի կողմից արձակված կրակոցից, այլ մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, միջադեպի մանրամասները պարզելու համար քննությունը շարունակվում է: Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, սեպտեմբերի 2-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը: Քննչական կոմիտեն հայտարարեց, զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Սամվելի Օրդուբեկյանի սպանության դեպքի առթիվ։
