Իմ նկատմամբ դեպորտացիա էր. Ստեփան Գրիգորյան
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի մուտքը ՌԴ արգելելը ակնհայտ ճնշում էր ոչ միայն այդ ՀԿ-ի, այլեւ Հայաստանի ու հայ հասարակության վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ինքը՝ Ստեփան Գրիգորյանը: Քաղաքագետի խոսքով՝ իր դեպքում գործել է «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ կետը, որը ենթադրում է այն օտարերկրյա քաղաքացիների վտարում, որոնք մասնակցում են միջազգային կազմակերպությունների գործունեություններին և որոնք ցանկալի չեն Ռուսաստանի տարածքում: «Օգոստոսի 30-ին ինձ թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան եւ ըստ տրված տեղեկագրի՝ այդ արգելքը հիմնավորվել է դեպի ՌԴ ելքն ու մուտքը կարգավորող օրենքով: Այն, որ ինձ արգելվել է մինչև2030 թ. մուտք գործել Ռուսաստան, ակնհայտ ճնշում է ոչ միայն իմ, այլ նաև մեր հասարակության վրա, ակնհայտ ճնշում է ակտիվ գործող հասարակական կազմակերպության վրա և քաղաքական բնույթ է կրում»,-ասաց նա: Նա նշել է, որ օդանավի անձնակազմն իր անձնագիրը հայկական կողմին հանձնելիս ասել են, որ նա «դեպորտ» արված մարդ է, ու շատ զարմանալի է, որ ռուսական կողմը հայտարարում է, թե իր դեպորտացիայի հետ կապված ոչ մի հարցում չեն ստացել: Ինչպես նշեց ռուսական կողմից մինչ օրս արձագանք չկա․ միայն մամուլում կարդացել է այն մասին, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ոչ մի ինֆորմացիայի չեն տիրապետում՝ կապված Ս. Գրիգորյանի արտաքսման հետ: «Բայց ես հավատացնում եմ ձեզ, դա դեպորտացիա էր»:
