Քոչարյանի մեղադրանքն անազնիվ է. Կիրո Մանոյան
Անազնիվ է, երբ մարդիկ, որոնք Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ բանակցություններ են վարել հիմք ընդունելով «մադրիդյան սկզբունքները», գործող իշխանություններին պատասխանատու են համարում ներկայիս իրավիճակի համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա հիշեցրել է, որ «Մադրիդյան սկզբունքները» ներկայացվել են 2007-ի նոյեմբերին. «Այսինքն նախքան 2008-ի նախագահական ընտրությունները, երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր, իսկ Վարդան Օսկանյանը՝ ԱԳ նախարար: Հիմա, հետաքրքիր է, որ մարդիկ, որոնք բանակցություններ էին վարում այդ փաստաթղթի հիման վրա, հայտարարում են, որ ներկա իշխանությունները պատասխանատու են այսօրվա վիճակի համար: Կարծում եմ՝ դա անազնիվ է»,-ընդգծել է Մանոյանը:
