«Թշնամի փնտրելու փոխարեն բարեկամ փնտրեք». Ռուբեն Բաբայան.Տեսանյութ
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի անկախության 25 ամյակին ընդառաջ մշակույթի գործիչներն անդրադարձան այս տարիների ձեռքբերումներին ու բացթողումներին: Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի խոսքով՝ զարգանում է այն պետությունը, ով թշնամի փնտրելու փոխարեն բարեկամ է փնտրում: «Այն, ինչ տեղի ունեցավ 25 տարի առաջ, շատ կարևոր փաստ է, ազատության արտահայտում։ Հաճախ մեզ թվում է, որ այդ հռչակագրով գործն ավարտվում է, բայց իրականում նոր է սկսվում: Մենք, իսկապես, կհասնեինք մեծ հաջողությունների, եթե արտաքին աշխարհին չհայտարարեինք, որ Արցախն անկախ պետություն է. հայտարարում ենք, որ այդպես է՝ դե՛, եկեք հասնենք դրան»,-նշեց պարոն Բաբայանը: Մյուս բանախոս՝ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն էլ 25 տարին հրաշալի տարիք համարեց աշխատանքի անցնելու համար: «Ղարաբաղը պայքարեց, հաղթեց, սակայն մինչև այսօր ըստ էության որևէ էական գիրք չի ստեղծվել Ղարաբաղի մասին: Կան, բայց հիմնականում նկարագրական են, ինչ-ինչ պատմություններ են պատմում, որտեղ հեղինակի շուրջ է ամեն ինչ պտտվում, բացառությամբ Խեչոյանի պատմվածքների: Բացահայտված չէ ու արժևորված Ղարաբաղի էությունը, որպեսզի մենք կարողանանք ըստ էության ձևակերպել և՛ մեր հաղթանակը, և՛ արցախցու բնույթը»,-մտահոգություն հայտնեց հրապարակախոսը: «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ հավելեց, որ այսօրվա Արցախը բնութագրող առաջին կարևոր բանը հերոսների պանթեոնն է Ստեփանակերտում և Եռաբլուրում: Պարոն Գինոսյանի խոսքով՝ անհրաժեշտ է, որքան հնարավոր է շուտ Արցախը Հայաստանին վերամիավորելու հիմք դնել: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
