Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 32-րդ օրն է լրանում
Մարդու իրավունքների պաշտպան Աման Թաթոյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՄԻՊ ինստիտուտի աշխատանքին ուղղված քննադատություններին՝ կապված «Սասնա ծռեր» խմբի գործունեության ընթացում պետական մարմինների աշխատելոաճի հետ, ասաց, որ գործադրել են բոլոր ջանքերը և արձանագրել են խախտումներ՝ խիստ գնահատականներով, քրեական հետապնդման մարմիններին ուղղված պահանջներով և դրանց արդյունքներին հետևողական են: Նա նշեց, որ քննադատություններին նորմալ է վերաբերվում: «Դրանք նաև մեզ օգնում են էլ ավելի կատարելագործելու մեր աշխատանքն, այստեղ երկրորդ կարծիք չկա: Ինչ վերաբերում է վերջնական արդյունքին, ապա հիմա աշխատանքներ են տարվում արտահերթ զեկույցի պատրաստման ուղղությամբ, որտեղ հստակ տրվելու են գնահատականներ հուլիսի 17-ից սկսած բոլոր իրադարձությունների վերաբերյալ»,- ասաց նա: Անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի հացադուլին, որի 32-րդ օրն է այսօր լրանում, պաշտպանն ասաց, որ մշտապես կապի մեջ են նրա բժիշկների հետ և հետազոտում են բոլոր փաստաթղթերը: «Ինձ համար նույնպես կարևոր է, որ ամեն ինչ արվի, որ առողջական վիճակի հետ կապված խնդիրներ չառաջանան»,- ասաց նա:
