Անդրիաս Ղուկասյանն առաջարկում է, որ Շառլ Ազնավուրը գլխավորի Հայաստանը
«Նոր Հայաստանի» անդամ, ներկայում կալանքի տակ գտնվող և արդեն 31 օր հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով մի քանի պահանջներ, որոնցից մեկն է.Ինչո՞ւ է անհրաժեշտ ժողովրդի վստահության կառավարությունը: Արտահերթ ընտրությունները ոչնչով չեն տարբերվի հերթական շինծու ընտրություններից, եթե պետական վարչական ռեսուրսները շարունակեն մնալ ՀՀԿ-ի վերնախավի ձեռքում: Ո՞վ կարող է գլխավորել այդ կառավարությունը: Մենք ունենք մի այնպիսի հանրահայտ անձնավորություն, ով անհերքելի հեղինակություն է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Նա Շառլ Ազնավուրն է, ով Հայաստանի համար ծանր օրերին եղել է մեր ժողովրդի կողքին և անշահախնդիր օգնություն ցուցաբերել: Ազնավուրը կարող է գլխավորել մեր պետությունն արտահերթ ընտրությունների անցկացման փուլում, որովհետև վեր է կանգնած հայաստանյան ներքին քաղաքական պայքարից, ունի մեծ միջազգային աջակցություն ազատ և արդար ընտրությունների խնդիրը լուծելու համար: Չեմ բացառում, որ կարող են լինել նաև այլ արժանի թեկնածուներ, բայց տվյալ դեպքում, գտնում եմ, որ Շառլ Ազնավուրի ներգրավումը լավագույն տարբերակն է Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու համար:
