Ամերիկայում 7-ամյա աղջիկն աղբանոցում օլիմպիական ոսկե մեդալ է գտել. տեսանյութ
ԱՄՆ Ատլանտա քաղաքի 7-ամյա բնակչուհի Քլո Սմիթը վերադարձրել է ամերիկացի չեմպիոն Ջո Ջեքոբիի օլիմպիական ոսկե մեդալը: Հունիսին գողացված մրցանակը նա հայտնաբերել է աղբակույտի մեջ. փոխանցում է segodnya.ua-ն: Ջեքոբիի խոսքով` անհայտ անձինք բացել են իր մեքենան և մյուս իրերի հետ միասին տարել նաև 1992թ. Խաղերի մեդալը: Հավանաբար, հանցագործները վախեցել են բացահայտվել և ազատվել են մեդալից: Հանգամանքների բերումով մեդալը գտել է Քլո Սմիթը: Հոր հետ զբոսանքի ժամանակ նա աղբակույտում ոսկու փայլ է նկատել: Երկուշաբթի Ջեքոբին այցելել է դասարան, որտեղ սովորում է աղջնակը, որպեսզի շնորհակալություն հայտնի մեդալը վերադարձնելու համար: Ջո Ջեքոբին ոսկե մեդալը շահել է 1992թ. Օլիմպիական խաղերի ժամանակ` Բարսելոնայում:
