Որտեղ է նշելու ծննդյան օրը Ռոբերտ Քոչարյանը
Վաղը՝ օգոստոսի 31-ին, Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձն է և նա դառնում է 62 տարեկան: hayeli.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, պատասխանելով հարցին, թե որտեղ և ինչպես է նշելու հոբելյարն իր տարեդարձը, ասաց. «Արտասահմանում է՝ ընտանիքի հետ: Ավելի մանրամասներ, թերևս, չկարողանամ հաղորդել»: Ռ. Քոչարյանը երկու օր առաջ է մեկնել Հայաստանից: Ուշագրավ է, որ ՀՀ 2-րդ նախագահն արդեն մի քանի տարի շարունակ Հայաստանում չի անցկացնում տարեդարձը և այդ օրերին ընտանիքով հանդերձ գտնվում է արտասահմանում: Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971-ին՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։ 1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում։ 1989 և 1990 թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ։ 1991թ. ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Նա 1988 թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից: 1992 թ. օգոստոսին, երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռ. Քոչարյանը ստանձնել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ 1994 թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է ԼՂՀ Նախագահ։ 1997 թ. մարտի 20-ին նշանակվել է ՀՀ վարչապետ։ 1998 թ. մարտի 30-ին արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է ՀՀ Նախագահ։ 2003թ. մարտի 5-ին Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում: Պաշտոնավարել է մինչև 2008 թիվը։
