Հայկ Խանումյանի նկատմամբ բռնարարքի գործը կարճելու որոշման դեմ բողոք կներկայացվի դատարան
ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու ու ծեծի ենթարկելու մեղադրանքը խուլիգանության վերաորակելու մեղադրանքը ու չորս մեղադրյալների նկատմամբ համաներման կիրառումն ակնհայտ անօրինական է: Այս մասին հայտարարեց գործով տուժող Հ.Խանումյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ «Փաստինֆո»-ի լրագրողի խնդրանքով մեկնաբանելով համաներման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու ԼՂՀ դատախազության որոշումը: Փաստաբանը հավելեց՝ այդ ամենն ընդհանրապես որևէ առնչություն չունի իրավունքի ու իրավաբանության հետ: Եթե նույնիսկ դա քննիչին ուղղորդված ու պարտադրված որոշում է, ապա այդ որոշումը ստորագրած քննիչն ու դատախազը դադարել են իրավաբան լինելուց, որպես այդպիսին հեղինակազրկել են իրավաբանությունը՝ այլանդակելով, աղավաղելով ու պարտակելով իրականությունը: Իսկ իրականությունն այսպիսին է՝ Հայկ Խանումյանը հրապարակում բոլորի աչքի առաջ ծեծի է ենթարկվել, իրենց՝ ծեծողների վկայությամբ, Խանումյանը պատժվել է արտահայտած կարծիքի համար: Հայկ Ալումյանը նշեց, եթե անգամ ընդունել, որ հրապարակը հասարակական վայր է, ուստի ծեծը հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություն է՝ խուլիգանություն, ապա ո՞ւր մնաց հանցագործության երկրորդ դրվագի՝ Հայկ Խանումյանին առևանգելու ու բոլորի աչքից հեռու ծեծի ենթարկելու որակումը՝ ինչպե՞ս կարող է մարդուն առևանգելու ու ծեծելու մեղադրանքը ներառվել խուլիգանության մեջ կամ էլ որևէ իրավական գնահատականի չարժանանալ: Հայկ Ալումյանը զարմանք հայտնեց օրերս ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարության կապակցությամբ, որը մտահոգություն է հայտնել, որ դատախազությունը գործի մասին տեղյակ չի պահում հանրությանը: Ըստ փաստաբանի, միայն դա չէ խնդիրը, դատախազությունն ասելիք չունի՝ արդարացնելու իրավաբանության հետ կապ չունեցող որոշումը: Հայկ Ալումյանը հայտնեց, որ որոշման դեմ ԼՂՀ գլխավոր դատախազին ուղղված իր բողոքն անհիմն մերժվել է և որ հիշյալ որոշումը բողոքարկվելու է նաև ԼՂՀ դատարան:
