Սեպ՝ Անկարայի և Վաշինգտոնի միջև. WSJ
Ամերիկյան The Wall Street Journal թերթն անդրադարձ է կատարել Սիրիայի տարածքում Թուրքիայի սկսած գործողություններին ու դրանից հետո ԱՄՆ - Թուրքիա հարաբերություններում առաջացած նոր լարվածությանը: Թերթը լույս է սփռում ներկայում Սիրիայում ստեղծված նոր իրավիճակի վրա: «Երբ անցյալ շաբաթ Թուրքիան Սիրիայի տարածքում սկսեց հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին, ԱՄՆ-ն բարձր գնահատեց Անկարայի այս քայլն ու այն անվանեց ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև սերտ համագործակցության ևս մի արդյունք: Մինչդեռ պաշտոնական քաղաքականության հետնաբեմում ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ՆԱՏՕ-ի շրջանակներում բանակցությունները դադարեցվել են»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ գրում է թերթը։ Մինչ ԱՄՆ-ն գաղտնի պլան էր մշակում, թե ինչպես են ԱՄՆ-ի հատուկ ուժերը միանալու Սիրիայում թուրքական ԶՈՒ-ին, Անկարան միակողմանի կերպով «սեղմեց կոճակն» ու սկսեց ռազմական գործողությունները՝ առանց Վաշինգտոնին զգուշացնելու: Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, երբ Սիրիայում բախումներ սկսվեցին թուրքերի և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական զինված խմբավորումների միջև, Պենտագոնը սկսեց կոչեր հնչեցնել այն մասին, որ երկու կողմերն էլ հետ քաշվեն: Ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, որ Սիրիայում թուրքերի և քրդերի բախումը նոր մարտահրավեր է ԱՄՆ-ի համար, քանի որ այս դեպքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ դաշնակիցը պետք է դուրս գա դաշնակցի դեմ, այլ ոչ թե միասին պայքարեն ԻՊ-ի դեմ: Համակարգվածության այս խախտումն ավելացնում է լարվածությունն ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, որոնց հարաբերություններն առանց այդ էլ լավ վիճակում չեն գտնվում Թուրքիայում հեղաշրջման տապալված փորձից հետո: Ամերիկացի պաշտոնատար դեմքերը զգուշացրել են թուրք զինվորականներին, որ չեն աջակցելու թուրքերին դեպի Սիրիայի հարավ առաջ գնալուն ուղղված գործողություններում: Միևնույն ժամանակ, հայտարարել են, որ աջակցում են դեպի արևմուտք շարժվող թուրք զինվորականներին:
