Պետք չէ փորձել խղճահարություն առաջացնել. ՀՀԿ-ականը ԲՀԿ-ին
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան օրերս մի հարցազրույցում ասել էր, որ ՀՀԿ-ն վախեցել է, որ իրեն առաջադրեն, քանի որ ինքը կընտրվեր ու դժգոհել էր, որ Սահմանադրությունը, որով սահմանվում է խոշոր քաղաքներում ՏԻՄ ընտրություններին քաղաքական կուսակցություններով մասնակցությունը՝ սահմանափակում է մարդու իրավունքները: Այս հարցին անդրադառնալով, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյան, Հայելի ակումբում հայտարարեց, որ փոխանակ խոսեն Գյումրին բարեկարգելու մասին, Վարդան Ղուկասյանը ասում է, թե ՀՀԿ-ն վախենում է իրենից. «Եթե ՀՀԿ-ն մեկ հոգուց վախենում է, դա վախենալի է, մենք բոլորս պետք է վախենանք»: «Հանրապետական» կուսակցությունից պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ շտապեց արձագանքել. «Ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ոչ մեկից չի վախենում: Վարդան Ղուկասյանին հարցրեք`իր իրավունքների խախտման մասին, ունենք Սահմանադրություն, ԸՕ»: Դիտարկմանը, որ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանը» արդեն բողոքում է Գյումրիում ու Մասիսում նախընտրական ռեպրեսիաներից, Ավետիսյանը պատասխանել է. «Այդ նույն ԲՀԿ-ն թող ավելի լավ է հենց ինքը հետեւի, որպեսզի ընտրություններն արդար լինեն: Պետք չէ փորձել խղճահարություն առաջացնել: Նույն ԲՀԿ-ն ահազանգելու փոխարեն, թող տեր կանգնի ազատ արդար, թափանցիկ ընտրություններին» - ասել է նա:
