«ՀՀԿ-ի վախը չափված է, ինչի՞ պիտի Վարդան Ղուկասյանից վախենա». Ազատ Արշակյան
«Ցուցակները հետաքրքիր եւ խայտաբղետ են: Գյումրիում ինչքան որ մարդ կարող է մասնակցել ընտրությունների, դրա մեկ տոկոսն արդեն թեկնածուներ են: Ակտիվ քաղաքական իրադարձություններ են սպասվում»,- «Հայելի» մամուլի ակումբում խոսելով սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ հայտարարեց, որ դժվար թե այս անգամ ՏԻՄ ընտրություններն արդար անցկացվեն. «Էջմիածնում շուտով ամուսնություններն էլ կլինեն ոչ թե ընտրությամբ, այլ նշանակովի: Ոստիկանապետը կմտնի, կասի՝ դու սրա հետ ամուսնացիր, դու՝ նրա»: Դիտարկմանը, թե Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը չի կարողացել առաջադրվել քաղաքապետի ընտրություններում, նշում է, թե իր իրավունքները խախտվել են, Ազատ Արշակյանը՝ հեգնելովպատասխանեց. «ՀՀԿ-ի վախը չափված է, ինչի՞ պիտի Վարդան Ղուկասյանից վախենա»:
