Դամասկոսի համաձայնությամբ Սիրիայի տարածքում են գտնվում միայն ՌԴ-ի և Իրանի զինվորականները. Լավրով
Դամասկոսը Սիրիայի տարածքում գտնվելու համաձայնություն է տվել միայն Ռուսաստանի և Իրանի զինվորականներին, այլ երկրների զինված ուժերը Սիրիայի տարածք են մտել առանց սիրիական իշխանությունների համաձայնության։ Այդ մասին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցություններից հետո։ «Սիրիայում «ցամաքում» իրենց զինվորականների միջոցով քիչ երկրներ չեն ներկայացված, զինված ուժեր, որոնք այնտեղ են մտել առանց սիրիական իշխանությունների համաձայնության։ Սիրիայի իշխանությունների համաձայնությամբ այնտեղ են գտնվում միայն ռուսական և իրանական զորախմբերը»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը։ «Դա է իրականությունը։ Սիրիական իշխանությունները կշռադատված պրագմատիկ մոտեցում են ցուցաբերում»,- հավելել է նա։
