Մի թիզ հող չի հանձնվելու. Թևան Պողոսյան
Արցախյան հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացը փակուղում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:«Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում: Արցախում այսօր Արցախի սեփական ուժերով են ամրապնդում առաջնագիծը, որը այլեւս թույլ չի տա ապրիլյան էսկալյացիայի այն բացերը, որոնք ունեցել ենք, նորից կրկնվեն: Ամեն ինչ արվում է, որ ապագայում բոլոր կորուստները վերականգնվեն»,- ասաց պատգամավորը: Թևան Պողոսյանի խոսքով՝ ԼՂ-ն պետք է պատրաստ լինի ռազմական գործողություններով հարցը լուծելուն, որովհետև ունի Ադրբեջանի պես հակառակորդ, ունենա հզոր բանակ, ապահովի բանակի գործունեության համար անհրաժեշտ բոլոր պարագաները, ունենա լավ ռազմական տեխնիկա: Պետք է գիտակցել, որ ունենք թշնամի, որն ունի մի երազանք. «Ռազմական ուժով լուծել Արցախի հարցը: Պետք է պատրաստ լինենք այդ սցենարի զարգացմանը»: Հողերի հանձման մասին լուրերին անդրադառնալով՝ պարոն Պողոսյանն ասաց, որ Արցախից է վերջերս վերադարձել, որտեղ առաջնագծով անցել է մի քանի անգամ ու համոզվել՝ զինվորները, արցախցիները ոչ միայն հողեր չհանձնելու մտադրություն չունեն, այլեւ մարդիկ ամեն օր մտածում են եղած կորուստը ինչպես վերականգնել:
