Վարդան Վարդանյանը պատասխանել է Հակոբ Հակոբյանին և հրավիրել բանավեճի
Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանը հայտարարություն է տարածել ի պատասխան Tert.am–ում հրապարակված «Էջմիածնի քաղաքապետարանը բացահայտ լծվել է կոնկրետ թեկնածուի քարոզչությանն ու խախտում է ՀՀ Սահմանադրությունը» վերնագրով նյութում Էջմիածնից ընտրված նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հայտարարություններին Հայտարարությունում ասվում է. «Օգոստոսի 25-ին տարածված վերոհիշյալ հրապարակման մեջ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտ, մեղադրում է ինձ` Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանիս, թե իբր քարոզարշավը չսկսած գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի օգտին քարոզչություն եմ տանում: Ի պատասխան նշեմ, որ նախկին պատգամավորը պարզապես նենգափոխում է իրականությունը: Ես ոչ թե քարոզչություն եմ տանում, այլ հերքում եմ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հասցեին հնչեցված հերյուրանքները: Ի դեպ, հերքում եմ փաստարկված: Կարծում եմ` ԱԺ պատգամավոր աշխատած մարդը հասկանում է, որ Էջմիածնի քաղաքապետի եւ քաղաքապետարանի հասցեին տարածվող կեղծ լուրերը հերքելն իմ աշխատանքային պարտավորությունն է: Նույն հրապարակման մեջ Հակոբյանը մերկապարանոց հայտարարում է, թե իբր քաղաքապետարանը ոչ մի աշխատանք չի կատարում: Այնինչ ցանկացած էջմիածնեցի էլ կարող է փաստել, որ հենց Կարեն Գրիգորյանի քաղաքապետության տարիներին է Էջմիածինը դարձել կանաչապատ, բարեկարգ, լուսավոր, կատարվել են կապիտալ շինարարության լուրջ աշխատանքներ: Եթե նախկինում վաճառվում էին մանկապարտեզները, ընդ որում` հենց Հակոբյանին էլ որպես սեփականություն նախկին մանկապարտեզի շենք է բաժին հասել, ապա Կարեն Գրիգորյանի քաղաքապետությամբ մանկապարտեզները հիմնանորոգվում են, կահավորվում, ջեռուցվում: Եթե նախկին քաղաքապետ Հրաչ Աբգարյանը վաճառում էր պատմաազգագրական թանգարանի շենքը, ապա Կարեն Գրիգորյանը թանգարանին տարածքով է ապահովել` փրկելով թանկարժեք ցուցանմուշները: Եթե նախկին քաղաքապետերը քաղաքի մարզադաշտն էին վաճառում, ապա Կարեն Գրիգորյանը հիմնանորոգել է մարզադպրոցներն ու նոր հսկայական մարզապալատի շինարարություն է սկսել: Եթե Հրաչիկ Աբգարյանի օրոք քաղաքապետարանը նույնիսկ աղբահան վերջին մեքենան էր վաճառել, ապա կարեն Գրիգորյանի օրոք 28 միավոր ինքնաթափ, աղբահավաք, ջրցան եւ ունիվերսալ մեքենաներ են ձեռք բերվել, եւ քաղաքում իդեալական մաքրություն է պահպանվում… Այս «եթե»-ների շարքն անվերջ կարող եմ շարունակել, բայց համեստություն կանեմ, թե չէ Հակոբյանը կասի` քարոզչություն ես անում: Իբրեւ վերջաբան էլ առաջարկում եմ հարգարժան նախկին պատգամավորին` եթե կասկածներ կան, թե մեզանից ով է ավելի լավ տիրապետում ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, որ մեկս է առավել լավ պատկերացնում մեր իրավունքներն ու պարտականությունները, պատրաստ եմ ցանկացած ձեւաչափով բանավեճի: Կարող ենք հանդիպել որեւէ մամուլի ակումբում, կարող ենք հանդիպել Ձեր նախընտրած հեռուստաընկերության ուղիղ եթերում, կարող եք ինքներդ այլընտրանքային տարբերակ առաջարկել: Առերես բանավեճի հնարավորության ակնկալիքներով` Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյան»
