Արամ Պետրոսյանին մեղադրանք առաջադրվեց
Քննիչները մեղադրանք են ներկայացրել Մոսկվայի կենտրոնում «Սիթիբանկ»-ի մասնաճյուղում օրերս պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանին: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի մայրաքաղաքային բաժնի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան։ Մեղադրանքը ներկայացվել է ՌԴ քրեական օրենսգրքի 206 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ որպես զենք առարկայի օգտագործմամբ երկու և ավելի մարդկանց պատանդ վերցնելը: Նշվում է, որ այդ արարքը պատժվում է 6-ից մինչև 15 տարի ազատազրկմամբ: Հիշեցնենք, որ սնանկ գործարար Արամ Պետրոսյանը չորեքշաբթի երեկոյան 4 հոգու պատանդ է վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկ»-ի մասնաճյուղում և սպառնացել է պայթեցնել շենքը: Ավելի ուշ, սակայն, տղամարդը բաց է թողել պատանդներին և հանձնվել է իրավապահներին: Առարկան, որը նա ռումբ էր ներկայացնում, կեղծ է եղել:
