«Դուք երբեք չեք բռնացնի Պուտինին»
«ՎՏԲ»-ի տնօրեն Անդրեյ Կոստինը Financial Times պարբերականի հարցազրույցում անօգուտ է համարել «Պանամական փաստաթղթերի» բացահայտումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օֆշորները գտնելու փորձերը, փոխանցում է Gazeta.ru-ն: «Դուք երբեք չեք բռնացնի Պուտինին: Նա չունի ո՛չ մեքենա, ո՛չ գումարներ: Նա համեստ կյանքով է ապրում, քանի որ ողջ աշխարհը ճանաչում է նրան: Մարդիկ, ովքեր փորձում են գտնել Պուտինի հաշիվները, ապա կարող են ողջ կյանքը փնտրտուքների մեջ անցկացնել, սակայն երբեք չեն գտնի»,-ասել է Կոստինը: Մեկնաբանելով իր բանկի գործունեությունը՝ Կոստինը նշել է, որ «ՎՏԲ»-ն երբեք քաղաքականությունը սեփական բիզնես շահերից վեր չի դասի: «Երբեմն մենք ոչ ճիշտ բիզնես որոշումներ ենք կայացնում, երբեմն լրացուցիչ վարկեր ենք տրամադրում: Դա բիզնես է: Մենք ռիսկի ենք դիմում: Սակայն եթե որևէ մեկն ինձ ինչ-որ անօրինական գործողության մեջ է մեղադրում, ապա թող փաստաթղթեր ներկայացնի ինձ»,-ասել է նա:
