Ռուսական`գավառական մի փոքրիկ քաղաքի տպավորություն
Ռուսական `գավառական մի փոքրիկ քաղաքի տպավորություն: Տարատեսակ կերակրահոտերի անորակ մի փունջ, որ քիթդ է մտնում ու դուրս չի գալիս, անգամ եթե հեռանում ես տվյալ տարածքից: Տարբեր անկյուններից լսվում են ռուսերենով հնչող էժանագին ծլվլտոցներ` իրենց պատռող երգիչների կամ երգչուհիների կատարմամբ, վերջիններիս բողազից ռուսերենով եկող կլկլոցն էլ անպայման համեմվում է ադրբեջանական մելիզմով: Բացօթյա սրճարանների այս մեծ շարանի մեջ կան անկյուններ, որտեղից անգամ ջազն է հնչում `ավելի լավ է չհնչի, որովհետև եթե ականջդ մի քիչ սրես ջազից էլ կլսես նույն ռուսա-թուրքական շեշտադրումները: Քայլում ես երեխայիդ հետ ու մի պահ թվում է, թե ընկել ես ռուսաստանի ` գավառական փոքրիկ քաղաք, որտեղ մեծ հայկական համայնք կա: Ասենք` 'Ուրյուպինսկ' անունով գավառական մի քաղաք, ուր տեղ են գտել Սումգայիթից ու Բաքվից ռուսախոս հայ փախստականնեը "Արմենիքենդ"-ի ու "Բոկա"-յի սուբկուլտուրայով, իսկ Հայաստանի տարբեր գյուղերից ժամանած խոպանչիներն էլ իրենց հացի խնդիրն են լուծում` անծայրածիր Ռուսաստանի այս մոռացված փոքրիկ քաղաքում: Չորս բոլորդ հայեր են` միայն երբեմն կողքովդ անցնող հյուրերի պարսկերենն է քեզ հաստատում, որ դու քո քաղաքում ես, քո հայրենի տանդ, ուր մանկությունդ ես ապրել: Ես ընտանիքիս հետ քայլում էի երեկոյան Երեվանի` կարելի է ասել սրտում, Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի հրապարակում, 'Ազատության Հրապարակում': Ժամանակին կանաչապատ խիտ այգի էր, մայրաքաղաքին վայել մի ազատ տարածք, որտեղ մարդ կարող էր իր հանգիստը անցկացնել, առանց ղժղժան ձայնասարսափ աղմուկի, միակ աղմկողը երեխաներնն էին և ֆուտբոլ խաղացող պատանիները: Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի գրառումը
