Մոսկվայում բանկ գրաված հայազգի գործարարը ցուցմունք է տվել
Մոսկվայի կենտրոնում չորեքշաբթի օրը բանկում պատանդներ վերցրած հայազգի գործարար Արամ Պետրոսյանն առաջին ցուցմունքներն է տվել քննիչներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նրա խոսքով՝ նա ընդամենը ցանկացել է ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա»,-ասել է ՌԴ ՔԿ գլխավոր քննչական վարչության պետի օգնական Յուլիա Իվանովան:
Քննչական կոմիտեում նշել են նաև, որ քննիչները մտադիր են հասնել կասկածյալին կալանավորելու որոշմանը:
Տղամարդը Օգոստոսի 24-ի երեկոյան սպառնացել է պայթեցնել «Սիթիբանկ»-ի մասնաճյուղը: Ոստիկանների հետ բանակացություններից հետո նա բաց է թողել բոլոր պատանդներին, ինքն էլ հանձնվել:
Բանկը գրավելուց առաջ նա ինտերնետում տեսաուղերձ է տեղադրել՝ ուղղված ՌԴ նախագահին, որում ասում է, թե ինչու է որոշել խախտել օրենքը: Նա նշել է, որ սնանկացել է, այդ պատճառով պատրաստ է դիմել հանցագործության: Նա պահանջել է ռուսական իշխանություններից ստեղծել մարմին, որը կզբաղվի սնանկության խնդիրներով:
