Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած նախագիծն ընդունվեց
Կառավարության նիստում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը գործադիր մարմնի հավանությանը ներկայացրեց «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին որոշման նախագիծը: Նախարարն ասաց, որ ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ –ի հետ քննարկումներ են արվել դեռևս 2013-ին, հիմնադրամի ստեղծումը կարևորվում է հատկապես սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո: «Որպես հեռահար ռազմավարական նպատակ նախատեսում ենք նաև նվազեցնել գերատեսչությունների կողմից մշակվող օրենսդրությունների քանակը: Ուզում եմ ընդգծել, որ հիմնադրամը ստեղծվում է ԱՄՆ-ի միջազգային զարգացման հիմնադրամի աջակցությամբ»: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, որ ԱՄՆ միջազգային հիմնադրամը քանի տարի է ֆինանսավորելու հիմնադրամը, և արդյոք այդ ժամկետի ավարտից հետո լրացուցիչ բեռ չի լինի Կառավարության վրա, Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ Միջազգային զարգացման հիմնադրամը ֆինանսավորելու է երկու տարի, իսկ այնուհետև իր բանակցությունները միջազգային կառույցների հետ թույլ է տալիս ասել, որ հետագայում ևս ֆինանսավորողներ կլինեն: Նախագիծն ընդունվեց:
