Արտակարգ և զավեշտալի դեպք Կոտայքի մարզում
Այսօր՝ օգոստոսի 25-ին, արտակարգ ու զավեշտալի դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղի «Արցախ» հանգստյան տան 5-րդ հարկի պատշգամբ ձի է մտել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Հայկ Ասատրյանի և հերթափոխի պետ Ժիրայր Խոջոյանի գլխավորությամբ՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները գյուղացիների օգնությամբ հատուկ ճոպանների միջոցով գրեթե 1 ժամ չարչարվելով՝ կարողացան ձիուն անվտանգ 5-րդ հարկից իջեցնել բակ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 3 տարեկան ձին պատկանում է Արզականի բնակիչ Արմեն Եղիազարյանին։ Իսկ նշված հանգստյան տունը կիսակառույց ու ամբողջովին վթարային է։ Գյուղացիներն էլ ասում էին, որ մի քանի հարկեր ծառայում են որպես խոշոր եղջերավոր անասունների համար «հանգստավայր»։
