«Արժանապատիվ բուժօգնություն և խնամք Սասնա ծռերին»
Այսօր ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամների՝ տեղի ունեցավ բողոքի ակցիա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ։ Ակցիայի նպատակն էր բարձրաձայնել վիրավորված «Սասնա ծռերին» պատշաճ բուժօգնություն և բուժման պայմաններ տրամադրելու խնդիրը: ՄԻՊ Արման Թաթոյանն ընդունեց բողոքի ակցիայի մասնակիցներին, նրանց ուղեկցում էր նաև ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Արման Թաթոյանը բողոքի մասնակիցների հետ հանդիպմանն ասաց, որ իրենց աշխատակիցների կողմից պարբերաբար այցելություններ են կազմակերպվում, որոնք ինքնանպատակ բնույթ չեն կրում և սպասում են համապատասխան մարմիններ իրենց կողմից ուղարկված հարցադրումների պատասխաններին: Արման Թաթոյանը ներկաներին խոստացավ, որ այս հանդիպումից հետո ՄԻՊ արագ արձագանքման խումբը կրկին կայցելի «Դատապարտյալների հիվանդանոց»՝ համապատասխան բժշկի հետ ու եւս մեկ անգամ կծանոթանան ստեղծված իրավիճակին: ՄԻՊ գրասենյակից երթով շարժվեցին դեպի Արդարադատության նախարարություն, այնուհետև ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Մասնակիցների ձեռքին կային «Պատիվ ունեք ծուռ բուժելու», «Մի խոշտանգեք մեր հերոսներին» «Ես Սասնա ծուռ եմ», «Արժանապատիվ բուժօգնություն և խնամք Սասնա ծռերին» գրությամբ պաստառներ, եռագույններ:
