Զինված խմբի որոշ անդամների փաստաբանները մոլորեցնում են հասարակությանը
Զինված խմբի որոշ անդամների փաստաբանների կողմից այսօր կրկին հասարակությանը մոլորության մեջ գցելու հերթական փորձն է արվել: Հանրությանը ցանկանում ենք տեղեկացնել, որ խմբի` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող անդամներին իբր անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու մասին վերջիններիս փաստաբանների «ահազանգերի» և Զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներն այսօր այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող վերոնշյալ կալանավորված անձանց, տեղում ծանոթացել իրավիճակին և իրազեկվել, որ վերջիններս քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից ցուցաբերվող բժշկական օգնությունից և խնամքից բողոքներ չունեն: Ինչ վերաբերում է նրան, որ այս օրերին հաճախ է շահարկվում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հովհաննես Հարությունյանին բժշկական պատշաճ օգնություն և խնամք չցուցաբերելու, կամ, ինչպես նրա փաստաբանների ու այլ անձանց կողմից շեշտվում է, նրան այս կերպ խոշտանգումների ենթարկելու հարցը, ապա այլևայլ անհիմն ապատեղեկատվությունից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը հայտնում է հետևյալը: 27.07.2016 – 23.08.2016թթ` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու պահից առ այսօր, Հովհաննես Հարությունյանը ենթարկվել է տարատեսակ բժշկական հետազոտությունների և զննությունների, այդ թվում` որովայնի և կոնքի սոնոգրաֆիկ և աջ ստորին վերջույթի ռենտգեն հետազոտությունների, ուրոլոգի և նյարդավիրաբույժի խորհրդատվությունների: Բացի վերոբերյալից` հանվել է հիվանդի կմախքային ձգումը և դրվել է գիպսային վիրակապ: Ի լրումն` յուրաքանչյուր 2-րդ օրը հիվանդը զննվում է <<Էրեբունի>> ԲԿ-ի վնասվածքաբանների կողմից: Հարկ է նշել, որ բոլոր հետազոտությունների և զննությունների մասին գրառումները առկա են նրա հիվանդության պատմագրում: Հավելենք նաև, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանը անհրաժեշտության դեպքում ստացել և ստանում է ցավազրկող դեղամիջոցներ, հակաբիոտիկներ, պարբերաբար կատարվում են վերքերի մշակումներ, ժամանակին փոխվում են վիրակապերը: Ներկայումս «Էրեբունի» ԲԿ-ի վնասվածքաբանների հետ քննարկվում է ինչպես Հ. Հարությունյանի, այնպես էլ <<Դատապարտյալների հիվանդանոց>> ՔԿՀ-ում պահվող խմբի մյուս անդամների վիրահատման ծավալների և ժամկետների հարցը: Հավելենք, որ այս պահի դրությամբ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվում և բուժում են ստանում այլ կալանավորված անձինք և դատապարտյալներ, որոնք նույնպես խնամքի և բազմապրոֆիլ բուժման կարիք ունեն, ինչը և ապահովվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի արհեստավարժ և փորձառու բուժանձնակազմի կողմից: Եվս մեկ անգամ շահագրգիռ անձանց կոչ ենք անում զերծ մնալ թեմայի`տարբեր նպատակներով անհարկի շահարկումներից: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
