Հայաստանում սրտի ստենտավորման գները կփոփոխվեն. Սերգեյ Խաչատրյան
Տարվա սկզբից մինչ օրս պետական միջոցների հաշվին 801 սրտի ստենտավորում է արվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: «Եթե վարակիչ հիվանդություններից մահացությունն իջեցրել ենք ու վերահսկելի սահմանում ենք պահում, ապա ոչ վարակիչ հիվանդությունների դեպքում երկ իրը որդեգրել է ռազմավարություն` սիրտ-անոթային հիվանդությունների, քաղցկեղի և շաքարային դիաբետի դեմ պայքարի: Սրտի ստենտավորման պետական ծրագրով, որ ստացել է «Կյանքի համար ստենտ» անվանումը, 801 ստենտավորում է կատարվել տարվա սկզբից մինչ օրս բացառապես պետական միջոցների հաշվին», ասաց Խաչատրյանը` հավելելով, որ ստենտավորման դեպքերը շատ ավելին են` երբեմն ոչ սուր դեպքերում որպես վճարովի ծառայություն: Փոխնախարարը հաստատեց այն տեսակետը, որ Հայաստանում սրտի ստենտավորման ծառայությունն ավելի բարձր գին ունի, քան հարևան երկրերում: Նրա տեղեկացմամբ` բազմաթիվ քննարկումներ են ծավալվել նման ծառայություններ մատուցող 11 սրտանոթային կենտրոնների հետ Երևանում ու մարզերում, որոնց ներկայացրել են տնտեսական հաշվարկներ, ըստ որի այդ ծառայության գինն իջեցնելու հնարավորություն կա, ինչը պետք է իրագործել:
