Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման
Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանը հրապարակեց ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավճիռը: Վալերի Պերմյակովը մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի բոլոր անդամների սպանության մեջ: Նախաքննության տվյալներով, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողը այս տարվա հունվարի 12-ին ինքնակամ, զենքով լքել է պահակակետը և սպանել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, վիրավորել մանկահասակ երեխային, ով ավելի ուշ մահացավ հիվանդանոցում: Թուրքիայի սահմանը հատելու փորձ կատարելիս ռուս սահմանապահների կողմից ձերբակալված Պերմյակովը խոստովանել է իր մեղքը: Ավետիսյանների սպանության գործը, հիշեցնենք, ռուսական կողմը վերջերս փոխանցեցհայկական կողմին, իսկ ռուսական կայազորային դատարանը Պերմյակովին դատում է զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մեղադրանքներով: Պերմյակովը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման:
