Վերաքննիչն հնարավոր է՝ ազատ արձակի Անդրիաս Ղուկասյանին. փաստաբան
Հաշվի առնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել քաղաքական գործիչներ Արմեն Մրատիրոսյանին եւ Դավիթ Սանասարյանին, ապա նույնն էլ պետք է անի Անդրիաս Ղուկասյնի դեպքում, քանի որ նրանք երեքն էլ կալանավորվել էին նույնատիպ մեղադրանքներով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրա փաստաբան Լուսինե Սահակյանը։ «Սա չեմ համարում օրինական լուծում, բայց գոնե սա այն լուծումն է, որ անձինք իրենց իրավունքները կփորձեն պաշտպանել ազատության մեջ»,- ասաց փաստաբանը։ Լուսինե Սահակյանի խոսքով՝ թե Անդրիաս Ղուկասյանի, թե Արմեն Մարտիորսյանի եւ Դավիթ Սանասարյանի գործողությունները եղել են հանրության աչքի առջեւ եւ ակնհայտ է, որ նրանք անկարգությունների կոչեր չեն արել եւ քննչական մարմնի առաջադրած մեղադրանքներն անհիմն են։ «Սարի թաղում կատարվածը զանգվածային անկարգություն չի կարելի համարել։ Դա եղել է խաղաղ հավաք, որին եթե եղել է միջամտություն, եղել է պետության, մասնավորապես ոստիկանների կողմից, անձիք դաժան ծեծի են ենթարկվել։ Գործողություններ են, որոնց համար պետք է պատասխանատու լինեն ոստիկանները։ Մինչդեռ իրենք դուրս են մնում պատասխանատվությունից»,- ասաց Լուսինե Սահակյանը։ Փաստաբանի խոսքով՝ Անդրիաս Ղուկասյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ նա փորձել է սեփական կարծիքն ունենալ, դա արտահայտել, չհանդուրժել մարդու իրավունքների խախտումը։ Ըստ փաստաբանի՝ տեղի ունեցածը ակնհայտ միջամտություն է խոսքի ազատության իրավունքին եւ իրենք հետեւողական են լինելու, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչի այդ խախտումը։
