«Բալկոնից դիագնոզ դնողներ» ու զավեշտի հասնող «մտքեր»...
Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը պատվաստումների մասին մեծ վրդովմունք է առաջարցել Առողջապահության նախարարությունում։ Նախկին նախարարն իր գրառման մեջ քննադատել է պատվաստումները՝ նշելով, որ դրա հետևանքով աշխարհում բազմաթիվ մարդիկ են տուժում, հաշմանդամություն ձեռք բերում։ ԱՆ աշխատակիցները հաղորդագրություն են ուղարկել նրան. «Նորից հնչում են անհիմն, անապացույց` զավեշտի հասնող ինչ-որ «մտքեր»: Կարծես միջնադարի խորքից տգիտությունն է վերադարձել և դեռ բավական չէ մարդկանց կյանքերն է փորձում վտանգի ենթարկել, դեռ մի բան էլ` ձեռքի հետ այնպիսի «հուզական» մտքեր է արտահայտում, որ կթվա, թե բարեհաճորեն փորձում է ամեն ինչ ուղղել: Նման մարդկանց հորդորում ենք մինչև հուզվելը մի քանի վայրկյան մտածել ու նոր պղտորել մարդկանց հոգիները: Հետաքրքիր է, արդյոք, կգտնվի՞ մեկը, ով կարող է գնահատել, թե մարդկությունն ի՞նչ կորուստներ կունենար, եթե չլինեին պատվաստումները: Արդյո՞ք կգտնվի այն խելոքը, ով կարող է իր պատասխանատվությամբ արգելել պատվաստումները և իր խղճի վրա վերցնել հազարավոր մանուկների հնարավոր մահը կյանքի առաջին իսկ տարիներին` մեծ կորուստներով աղետի հասցնելով մեր երկիրն ու ժողովրդին»։ Նախկին նախարարն էլ երեկ պատասխան գրառմամբ հանդես եկավ՝ ԱՆ աշխատակիցներին համարելով «բալկոնից դիագնոզ դնողներ»։
