Ներսես Պողոսյանի անչափահաս երեխաները Վերաքննիչի առջեւ են
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ օգոստոսի 22-ին, քննվում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը։ Դատարանի առջեւ հավաքվել են Ներսես Պողոսյանի ընտանիքի անդամները։ Դատարանի առջեւ են նաեւ Ներսեսի երեք անչափահաս երեխաները՝ «Ազատություն հայրիկիս» գրությամբ պաստառներով։ Ներսես Պողոսյանի կինը պատմել է, որ Ներսեսը եղել է ցույցերի ակտիվ մասնակից, սակայն անձնապես չի ճանաչել Ժիրայր Սեֆիլյանին։ Ըստ կնոջ՝ Ներսես Պողոսյանը ձերբակալվել է նույն գործով կալանավորված Հովհաննես Պետրոսյանի տված սուտ ցուցմունքի հիման վրա։ Կինը նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե իր ամուսինը Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք է տվել։ Լիա Պողոսյանը նշեց նաեւ, որ իր ամուսնուն կալանավորելուց հետո իրենց տանը նույնպես խուզարկություն է իրականացվել, սակայն զենք, զինամթերք չի հայտնաբերվել։
