Կա ԵԱՀԿ Մինսկի խմբի ճգնաժամ. Լարիսա Ալավերդյան
Մենք մտել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլորովին այլ փուլ: Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Տիկին Ալավերդյանը դժգոհեց, որ հայտնի էլ չէ՝ բանակցային գործընթաց կա, թե ոչ: Այնուամենայնիվ, նախկին ՄԻՊ-ի խոսքով, բանակցային գործընթաց լինել չի կարող, քանի դեռ Արցախն ընդգրկված չէ բանակցային գործընթացներում: «Կա ԵԱՀԿ Մինսկի խմբի ճգնաժամ: Այս տարիների ընթացքում այս խմբի կողմից տարվող գործընթացի անունն ինչ էլ դնենք, ապրում է ճգնաժամ: Դրա մասին վկայում է ոչ միայն այն, որ կողմերի միջև չկա հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածություն, այլև այն, որ Մինսկի խմբի համանախագահները համեստ ու զգուշավոր են իրենց հայտարարություններում: Կփորձենք, ձգտում ենք, անում ենք... Սրանք են նրանց բառերը, իսկ սա ոչ այլ ինչ է, քան անգործություն»,- նշեց Լարիսա Ալավերդյանը: Խոսելով հայկական կողմի քայլերի մասին, որոնք բանախոսի խոսքով, պետք է նախաձեռնվեին, բայց ավաղ չեն նախաձեռնվել, Լարիսա Ալավերդյանը նկատեց. «ԵԱՀԿ-ն, բացի Մինսկի խմբից, ունի այլ ինստիտուտներ, օրինակ, փաստերի ուսումնասիրման մարմին: Այդ ինչի՞ Ադրբեջանը տեղի-անտեղի կդիմի այդ մարմին, ԵԱՀԿ-ն էլ կգա կստուգի, մենք չենք կարող»:
