Ստացված որոշումները պարտադիր բողոքարկելու եմ Վճռաբեկ դատարանում. Ինեսա Պետրոսյան
«Սարի թաղի դեպքերից տուժած քաղաքացիների եւ կալանավորվածների գործերը» թեմայով ասուլիս-քննարկմանը «Սասնա ծռեր» խմբի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանն անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժման հիմքերին, նկատեց. «Մերժման հիմքում դրվում են այն պատճառաբանությունները, որ իրենց մեղսագրված են ծանր արարքներ, եւ ազատության մեջ գտնվելով նրանք կարող են խոչընդոտել գործի քննությանը: Ամեն դեպքում, որոշումները պարտադիր բողոքարկելու եմ Վճռաբեկ դատարանում, մասնավորապես՝ Պավլիկ Մանուկյանի մասով կարող եմ ասել, որ ակնհայտ է, որ նա նախաքննությանը խոչընդոտելու հնարավորություն չունի՝ հաշվի առնելով նրա առողջական ծանր վիճակը»,- ասաց Պետրոսյանը: «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի համոզմամբ՝ Սանասարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը դատարանի կողմից բավարարելը քաղաքական որոշում է. «Որեւէ դատավոր չի գտնվի, որը կարող է օրենքով ղեկավարվել, իսկ քրեական գործը դեռ չի կարճվել, իբր նախաքննություն է ընթանում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ է հանդես գալու:
