Արեգ Կյուրեղյանի պաշտպանը լքել է նիստերի դահլիճը
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ բողոքն այսօր՝ օգոստոսի 22-ին, Վերաքննիչը քննել է առանց նրա պաշտպանի ներկայության: Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը ցանկացել է ներկա գտնվել բողոքի քննությանը, սակայն դատարանը դրա վերաբերյալ իր միջնորդության քննարկումը հետաձգել է, ինչն էլ առաջացրել է իր վրդովմունքը եւ ինքը լքել է նիստերի դահլիճը: «Դատարանի այս վերաբերմունքն իմ պաշտպանյալի իրավունքների կոպիտ խախտում է, քանի որ իմ պաշտպանյալը ցանկանում է ներկա գտնվել իր բողոքի քննությանը, ես իմաստ չտեսա միջնորդություն ներկայացնել բողոքները լսելուց հետո: Հենց դրա համար էլ լքեցի նիստերի դահլիճը»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ իր տեղեկություններով՝ դատարանը լսել է բողոքներն ու գնացել է խորհրդակցական սենյակ:
