Հայաստանից մարդ չկար, պետք է Վիտալի Բալասանյանը գար՝ հաշտեցներ. Սարգիս Կարապետյան
«Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանն այսօր Հայելի ակումբում անդրադառնալով «Սասնա ծռեր» ջոկատի գործողություններին, ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու նրանք գնացին այդպիսի գործողությունների։ «Դրանից հետո Հայաստանը կանգնած էր քաղաքացիական պատերազմի շեմին. Գասպարյան Վովայի բանակը՝ մի կողմ, հայ ժողովուրդը՝ մի կողմ։ Երկու շաբաթից ավել իրար ծեծում-ջարդում, սպանում էին։ Սրանք սպասում էին, որ ինձ նման տղաները կարող են հավաքել իրենց մարտական ընկերներին, գնային այնտեղ, մի քանի հայի սպանեին, մի քանիսին էլ գերի վերցնեին։ Բայց չստացվեց»,- ասաց Սարգիս Կարապետյանը։ «Ես պարզ հայտարարում եմ, որտեղ կա Ժիրայր Սեֆիլյանն, այնտեղ կա խառնակչություն, այնտեղ կա դավադրություն։ Գուցե ձեր ականջներին սա նոր բան թվա, բայց հայ ժողովրդի համար չբացահայտված վտանգ է Ժիրայր Սեֆիլյանը։ Հայ ժողովրդի համար չբացահայտված թշնամի է։ Սեֆիլյանն այն մարդն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է գնար, վստահեր Սեֆիլյանի ողջամտությանը։ Սեղանի վրա դրված էր Արցախի հարցը, Հայաստանից մարդ չկար, պետք է Արցախից Վիտալի Բալասանյանը գար, որ հաշտեցներ»,- ասաց «Թալին» ջոկատի հրամանատարը։ Ինչ վերաբերում է Պավլիկ Մանուկյանի գործունեությանն, ապա Սարգիս Կարապետյանը ասաց, որ նա իր մարտական ընկերն է եւ չի ուզում նրա մասին վատ խոսք ասել։
