Կոստանյանին «դաղել» է, բայց «կյուղի»
Որքան էլ զարմանալի է, բայց Սերժ Սարգսյանը վերջերս տարբեր շրջանակներում հայտնել է, թե իբր նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեք անգամ աշխատանքից ազատվելու դիմում է գրել, պարզապես ինքը չի ստորագրել։ Կոստանյանի պաշտոնաթողության պաշտոնական մեկնաբանությունը առողջական խնդիրներն էին, սակայն մամուլում զուգահեռ տեղեկություններ հայտնվեցին, որ դա պայմանավորված է ՊՆ-ում հայտնաբերված լուրջ չարաշահումների փաստով։ Ըստ հրապարակումների՝ ՀՀ պաշտպանության նախարարության ապրանքներ մատակարարող բազմաթիվ ընկերությունների մեջ առնվազն երեքը սերտորեն փոխկապակցված են Գեւորգ Կոստանյանի եւ նրա հարազատների հետ: Ապրիլյան պատերազմից հետո ՊՆ մատակարարումների ոլորտում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ այդ երեք ընկերությունների մատակարարումներն իրականացվել են խոշոր չարաշահումներով: Սովորաբար Սերժ Սարգսյանը պատժում է, երբ ֆինանսական հարցերում որեւէ պաշտոնյա իրեն խաբում է, բայց հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը հիմա այլ վարկած է քննարկում, կնշանակի արդեն ներել է ու այլ պլաններ ունի երիտասարդ Կոստանյանի հետ, հավանաբար նա առաջիկայում կնշանակվի ինչ որ պաշտոնում։
