Ադրբեջանում առաջարկում են մաշկազերծել սպորտի նախարարին
Ադրբեջանում առաջարկում են մաշկազերծել սպորտի եւ երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովին՝ Ռիոյի Օլիմպիական խաղերում ադրբեջանական թիմի անդամների խայտառակ պարտությունների համար: Այս մասին հայտնում է ադրբեջանական իշխանամետ haqqin.az լրատվական կայքը՝ նշելով, որ նման առաջարկությամբ հանդես է եկել, այսպես կոչված, Ղարաբաղի ազատագրության կազմակերպության առաջնորդ Աքիֆ Նաղին: Ռիոյում ադրբեջանական մարզիկների, որոնց գերակշիռ մասը արտասահմանյան երկրներից հրավիրված օտարազգիներ են, իրար հետեւից կրած անհաջողություններից վրդովված Նաղին այդ ամենի մեջ մեղադրել է նախարար Ռահիմովին: Վերջինիս զայրույթը հասել է գագաթնակետին, երբ Ադրբեջանը ներկայացնող հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռասուլ Չունաեւը (66 կգ) կիսաեզրափակիչում խայտառակ պարտություն է կրել հայ մարզիկ Միհրան Հարությունյանից: «Եթե մի քանի օր առաջ կողմ էի այն բանին, որպեսզի Ազադ Ռահիմովը հեռացվի զբաղեցրած պաշտոնից եւ պատասխանատվության ենթարկվի, ապա Չունաեւի պարտությունից հետո պետք է քերթել նրա մաշկը», -Facebook-ի իր էջում գրել է Նաղին:
