Պերմյակովը՝ ինֆանտիլ անձ է. պաշտպանը փորձում է մեղմացնել իրավիճակը
Այսօր Գյումրիում շարունակվել եւ ավարտվել է Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով դատաքննությունը։ Նիստից հետո դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 23-ի կհրապարակվի գործով վճիռը: Նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հայտարարել է, որ ոչ միայն պատշաճ նախաքննություն չի իրականացվել, այլեւ շուրջ 9 ամիս տեւած դատավարության ընթացքում հանցագործությունը լիարժեք չի բացահայտվել։ Սպանության մեջ մեղադրվող Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը հիշեցրել է, որ մեղադրյալի աթոռին քսանամյա երիտասարդ է, հուզական որոշակի խնդիրներ ունեցող: Պաշտպանը որպես մեղմացուցիչ հանգամանք նշեց Պերմյակովի ժամկետային ծառայության մեջ գտնվելու, նախկինում դատապարտված չլինելու հանգամանքները, ինչպես նաև այն փաստը, որ չնայած Պերմյակովը չի տառապում հոգեկան որևէ հիվանդությամբ, սակայն ինֆանտիլ անձ է: Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:Քրեական գործը հարո ցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության և զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դա տապարտվել է 10 տարվա ազատազրկման:
