Իշխանափոխությունը բավարար չէ. Արմեն Մարտիրոսյան
Հայաստանում նոր իշխանությունները պետք է արմատական փոփոխություններ իրականացնեն, այդ թվում՝ նոր սահմանադրության մշակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով օրերս «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելու գործի շրջանակներում կալանավորվելուց հետո ազատ էր արձակվել։ Ըստ նրա՝ նոր իշխանությունները պետք է հաշվի առնեն Հայաստանի շահերը, դուրս գան Եվրասիական տնտեսական միությունից ու ստորագրեն ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը: Իսկ ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում, Մարտիրոսյանի խոսքով, տարածքների վերադարձ տեղի ունենալ չի կարող, ազատագրված տարածքները հայապատկան են: «Մեզ մեկ ճանապարհ է մնում, մենք իրավունք չունենք հապաղել, դանդաղել, արմատական փոփոխություններ անել: Փոփոխությունների համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ է իշխանափոխությունը»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը՝ հավելելով, որ իշխանության ճյուղերը պետք է տարանջատվեն, դատարանը պետք է դադարի լինել իշխանության կամակատար: «Ես լինելով գիշերը 10.30-ից ազատության մեջ՝ հաջորդ օրը նոր իմ վճիռը ստացել եմ: Ունեցել եմ բազմաթիվ հնարավորություններ՝ չներկայանալու դատարան, որովհետև դատական նիստ չի նշանակվել: Չեն ասել, որ լինելու է վճռի կամ միջնորդության հրապարակումը: Բայց ես մնացել եմ, որովհետև համոզված եմ եղել, որ մեղավոր չեմ: Ուստի ինձ համար դատարանների անկախությունն անկյունաքարային է լինելու»,- ասաց Մարտիրոսյանը:
