Վերաքննիչ դատարանը կհրապարակի Պավել Մանուկյանի կալանքի դեմ բողոքի քննության որոշումը
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Պավել Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը նշեց, որ Պավել Մանուկյանը ելույթ է ունեցել դատարանի դահլիճում:«Տեղի ունեցավ Վերաքննիչ բողոքի քննությունը, պաշտպանական կողմը ներկայացրեց իր բողոքը, ելույթ ունեցավ Պավել Մանուկյանը, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, և վաղը ժամը 10:30-ին կհրապարակվի Վերաքննիչ դատարանի որոշումը»,-ասաց նա: Մյուս փաստաբան Ինեսսա Պետրոյսանն էլ նշեց, որ Պավել Մանուկյանն ամբողջ ընթացքում ցավեր ուներ: Այնուհետև հայտարարեց՝ եթե Վերաքննիչ դատարանը մերժի իրենց բողոքն ու ազատ չարձակի Պավել Մանուկյանին, ապա իրենք կշարունակեն իրավական ընթացակարգը և կդիմեն Վճռաբեկ դատարան` պաշտպանյալի հետ համաձայնեցնելուց հետո: Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով (Շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
