«Ոստիկաններին ով սպանել է, թող նա էլ աջակցի ընտանիքներին». «Սասնա ծռերի» համար դրամահավաքի կազմակերպիչ
«Սասնա ծռերի» անդամներ Արամ և Պավլիկ Մանուկյանների համար դրամահավաքի արդյունքում հավաքվել է 1.330.000 դրամ, Արմեն Լամբարյանի համար` 450.000 դրամ, Մհեր Մազմանյանի համար` 433.000 դրամ: Aravot.am-ի հետ զրույցում «Սասնա ծռերի» ընտանիքների համար դրամահավաքի աջակցության կազմակերպիչ, քաղաքացիական ակտիվիստ Նելլի Մինասյանը տեղեկացրեց, որ այսօր երեկոյան էլ Հյուսիսային պողոտայում նախաձեռնում է դրամահավաք ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի: Նա հավաստիացրեց, որ հավաքված գումարը փոխանցում է անձամբ խմբի անդամների ընտանիքներին. «Նրանց բոլորի ընտանիքներն էլ գտնվում են սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում: Նախատեսել եմ բոլորի համար էլ կազմակերպել նման դրամահավաքներ: Հավաքված գումարը յուրաքանչյուր դրամահավաքից հետո հենց Հյուսիսային պողոտայում փոխանցում եմ նրանց ընտանիքների անդամներին: Մհեր Մազմանյանի համար հավաքված գումարով անձամբ վճարել եմ նրա տան չորս ամսվա սննդի վարձը, նա ունի 6 անչափահաս երեխա: Արմեն Լամբարյանի ընտանիքում կա 3 անչափահաս երեխա, նրանք նույնիսկ գումար չունեն, որ գան Երևան` Արմենին սնունդ փոխանցեն»: Նելլի Մինասյանը նշեց, որ դրամահավաքին մասնակցել են հիմնականում սովորական քաղաքացիները: Մեր հարցին` որևէ գործարար մասնակցե՞լ է դրամահավաքին, Նելլի Մինասյանը փոխանցեց, որ մասնակցել են բացառապես սովորական քաղաքացիները: Հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է դրամահավաք նախաձեռնեն զոհված ոստիկանների ընտանիքների համար, Նելլի Մինասյանը վրդովվեց. «Զոհված ոստիկաններին թող աջակցի պետությունը, ով նրանց սպանել է: Իսկ «Սասնա ծռեր» խմբի որևէ անդամ ոստիկանների սպանության հետ որևէ կապ չունի: Ով սպանել է, թող նա էլ աջակցի»: aravot.am
