Հայաստանը իրավասու չէ խոսել Ղարաբաղի Հանրապետության փոխարեն. Շ. Քոչարյան
Հայաստանը իրավասու չէ խոսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխարեն, ինչպես կարգավիճակի, այնպես էլ տարածքային ամբողջականության առումով: Այս մասին օգոստոսի 18-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Ինձ եւ Հայաստանի ցանկացած այլ պաշտոնյայի համար չկա «զիջումներ կամ փոխզիջումներ» հասկացությունը: Քանի որ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցերը հիմնականում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասությունների ներքո են: Այսինքն՝ Հայաստանի որեւէ պաշտոնատար անձ անգամ իրավունք չունի այդ մասին խոսել: Այլ հարց է, որ ստեղծված իրավիճակում, քանի դեռ ԼՂՀ-ն լիարժեք չի մասնակցում բանակցություններին, այդ գործընթացը չընդհատելու համար դրանում մասնակցում է Հայաստանը»,- ընդգծել է Քոչարյանը:
