Ալեք Ենիգոմշյանը՝ 3 ոստիկանների մահվան մասին
«Սասնա ծռեր» քաղաքական շարժման խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանն այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով հարցին՝ «Սասնա ծռերի» քաղաքական խորհուրդը կմասնակցի՞ արդյոք առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին, ասաց, որ չեն մասնակցելու. «Նման բան չի կարող լինել: Մեր խնդիրն է՝ մինչ այդ նշանակված «ընտրությունները» հաղթանակի հասնելը և որևէ ռազմավարություն չի կարող հենված լինել 2017թ. սպասվող «ընտրությունների» վրա: Առաջիկա ամիսների համար կձևակերպվի մեր ռազմավարությունն ու մարտավարությունը: Իհարկե, զուտ տեսական առումով եմ ասում, որ, եթե այնպես ստացվի, որ մինչև նշանակված ընտրությունների թվականն այս ռեժիմը չհեռանա, բնականաբար, այդ օրը մեր մարտավարության մեջ կունենա էական նշանակություն»: Խոսելով ՊՊԾ գնդում սպանված 3 ոստիկանների մահվան համար պատասխանատվություն կրելու խնդրի մասին, նա ասաց, որ նրանցից մեկի սպանությունը կապ չունի «Սասնա ծռերի» հետ. «Նրանց գործողությունների արդյունքում չի զոհվել: Մյուս երկու ոստիկաններն իրենց վերքերը ստացել են փոխհրաձգության ժամանակ: Այսինքն՝ պաշտպանության արդյունքում զոհվել է երկու ոստիկան»: Ինչ վերաբերում է խորհրդի գործողություններին, ապա Ալեք Ենիգոմշյանը հիշեցրեց, որ վաղը 19:30-ին հանրահավաք է սպասվում՝ ընդգծելով, որ կլինեն հստակ քաղաքական ելույթներ:
