Լևոն Հայրապետյանի հարցը ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում է
Ի պատասխան «Ի աջակցություն Լևոն Հայրապետյանի» նախաձեռնության անդամ Հայկազ Մակարյանի հայտարարությանն այն մասին, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Լևոն Հայրապետյանի հարցով չի դիմել ՌԴ կողմին, ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ դեռևս սույն թվականի ապրիլի 20-ին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին՝ Լևոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման և անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով: Տվյալ տեղեկատվությունը հրապարակվել է նաև զանգվածային լրատվության միջոցներով: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ «Պաշտպան Արման Թաթոյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լևոն Հայրապետյանի հարցը: Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ևս Ա. Թաթոյանը քննարկել է Լևոն Հայրապետյանի առողջական վիճակի հարցը»,-ասվում է հաղորդագրությունում:
