Ադրբեջանն ինչ նպատակներ որ դրել էր Թուրքիայի հետ չիրականացվեց. Գագիկ Մելիքյան
«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ամփոփելով Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, հայտարարեց, որ գագաթաժողովում զերծ չմնացին նաեւ Հարավային Կովկասի հարցերի քննարկումներից, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկումից:«Առաջիկայում հնարավոր է Սարգսյան-Ալիեւ երրորդ հանդիպումը: Շատ ենք կարեւորում մեր երկրի մասնակցությունը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի վեհաժողովին՝ հատկապես անվտանգության հարցերի քննարկման առումով»,- նշեց նա: Գագիկ Մելիքյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման միակ հարթակը Մինսկի խումբն է: «Իրավիճակի քննարկման խնդիրն էր դրված եւ նաեւ Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի հանդիպումներից հետո ընդունած որոշումների իրականացման վերաբերյալ հարցերը: Ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է խուսափել պարտավորություններից եւ հանդիպման որոշումների կատարումից»,- ասաց Գագիկ Մելիքյանը: Այնուհետև, խոսելով ԼՂՀ հարցի կարգավորման մասին, նշեց. «Մեր բանակը պետք է ամենահզորը լինի տարածաշրջանում, Ադրբեջանն ինչ նպատակներ որ դրել էր Թուրքիայի հետ չիրականացվեց: Ես համոզված եմ, որ Ադրբեջանն այս պարագայում չի կարող ձգտել պատերազմի»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:
