Ալիևը գետի հունին հակառակ երկար չի կարող լողալ. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ Հայաստանի շահերի տեսանկյունից կարևոր էր ՆԱՏՕ-ի հարթակից խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայամանավորվածությունների ի կատար ածելու անհրաժեշտության մասին։ «Պետք է Ադրբեջանը հետաքննության, վստահության մեխանիզմներ ներդնի, նաև՝ ընդլայնվեն ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի իրավունքները»։ Գրեթե բոլոր կողմերը խոսում են Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի անընդունելիության մասին, դա ասում է Ադրբեջանի նախագահը, դա ասվում է նաև Հայաստանի կողմից. «Մեզ ձեռնտու չէ ստատուս քվոն, ստատուս քվոյի փոփոխության համար անհրաժեշտ է մեկ կարևորագույն քայլ՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»։ Էդուարդ Շարմազանովը խոսեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին, թե Լեռնային Ղարաբաղը պետք է լինի իրենց երկրի մաս՝ մոտավորապես ունենալով Նախիջևանի նման կարգավիճակ։ «Արցախն ու Երևանը ժամանակ առ ժամանակ համարում է Ադրբեջանի պատմական տարածք։Պարոն Ալիևը իր անհեթեթ մտքերով հայտնի է, Ստրաբոնից մինչև բրիտանական էնցիկլոպեդիա և խորհրդային պատմաբան ասսերին ձեռնոց է նետել։ Աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով՝ ուզի պարոն Ալիևը, չուզի պարոն Ալիևը, գետի հունին հակառակ երկար չի կարող լողալ, որովհետև ալիքը կտանի»,-հայտարարեց նա:
