Տարածքների զիջում երբեք ընդունելի չի լինի հայկական կողմի համար.Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն են, և մենք մեր հասարակությանը պետք է նախապատրաստենք ոչ թե պատերազմի, այլ խաղաղության. ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի հիմնական ուղերձը դա էր: «Վարշավայում ՀՀ նախագահը հնչեցրել է մի շարք ուղերձներ, որոնցից ամենագլխավորն է՝ Հայաստանը բացառապես խաղաղության կողմնակիցն է, երկարաժամկետ խաղաղության: Հաջորդ ուղերձը վերաբերում է ստատուս քվոյին, որի փոփոխության մասին անընդհատ բարձրաձայնում է Ադրբեջանը: Սերժ Սարգսյանը հստակ նշեց, որ մեզ ձեռնտու չէ ստատուս քվոն, բայց հիմնական խոչընդոտողը Ադրբեջանն է՝ նա է մերժում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ստատուս քվոն պետք է փոխվի, բայց անհրաժեշտ է ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-ասաց նա: Տարածքների զիջում երբեք ընդունելի չի լինի հայկական կողմի համար: Սերժ Սարգսյանը անդրադարձել է Ադրբեջանի փորձերին՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը ղարաբաղյան հակամարտության քննարկման հարթակ վերածելու և հստակ նշել, որ Ադբեջանի ցանկացած փորձ՝ հիմնախնդրի քննարկումը տեղափոխել այլ հարթակներ, ընդունելի չէ և հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարություններին: Այնուհետ հիշեցրել, որ փոխարենը Ադրբեջանը պետք է կյանքի կոչի Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները,հավելեց նա:
