Նա չէր ուզում լքել գյուղը, որ այն քարտեզի վրայից չվերանար. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կներկայացվի «Սխտորաշեն» ֆիլմը
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որի պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր, կներկայացվի հայկական արտադրության «Սխտորաշեն» ֆիլմը: ԹԵՐԹ.am-ի հաղորդմամբ՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որի պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր, կներկայացվի հայկական արտադրության «Սխտորաշեն» ֆիլմը: Փառատոնի Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում ներկայացված ֆիլմը Արցախի Սխտորաշեն գյուղի մասին է, որի միակ բնակչուհին 83-ամյա Լենա տատն է: Պատահաբար հայտնվելով Մարտունու շրջանի 30-ամյա ամայացած գյուղում` օպերատոր, լուսանկարիչ Գարեգին Պապոյանը տեսել էր Լենա տատին ու որոշել նրա մասին ֆիլմ նկարել: Լրագրողների հետ զրույցում Գարեգինը պատմեց, որ ինքը լուսանկարիչ է, հեռուստատեսության օպերատոր ու սա իր առաջին ֆիմն է: «Լուսանկարելու նպատակով Ղարաբաղում էի, տարբեր շրջաններում էի գտնվում ու պատահաբար հայտնվեցի Սխտորաշենում: Մի բնակիչ կար՝ 83-ամյա Լենա տատիկը: Որոշեցի իր պատմությունը նկարել: Ու գնացի: Երկու օրում նկարեցինք ֆիլմը»,- ասաց նա: Երիտասարդ օպերատորը նշեց, որ տատիկի համար անսովոր է եղել, երբ նրան առաջարկվել է իր մասին ֆիլմ նկարել, բայց համաձայնել է: «Ասում էր, որ չի սիրում, երբ գալիս են իրեն նկարում են, բայց համաձայնեց: Նա չէր ուզում լքել գյուղը, որովհետև չէր ուզում, որ այն քարտեզի վրայից վերանար, ասում էր, որ եթե այն կա քարտեզի վրա, ուրեմն կա»,- նշեց ֆիլմի հեղինակը: Գարեգինը խոստովանեց, որ նախատեսված սցենար չի ունեցել, ֆիլմի բովանդակությունը, սցենարը ծնվել են հենց 83-ամյա կնոջ հետ երկու օր բնակվելու ընթացքում: Լենան տատը, ցավոք, 2 ամիս առաջ մահացել է, հիմա Սխտորաշենը դատարկ է, ոչ մեկ այնտեղ չի ապրում, նրա չորս որդիներն էլ, ովքեր սփռված են տարբեր վայրերով, դժվար թե գյուղ վերադառնան:
