Դաժան ու ողբերգական ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են BMW-ն ու Mercedes-ը. ոստիկանության ծառայողը հիվանդանոցում մահացավ
Այսօր` հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Խանջյան և Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախվել են 29-ամյա Կարեն Սանթրոսյանի վարած BMW մակնիշի 34 TQ 085 համարանիշի և 30-ամյա Արմեն Թումանյանի վարած Mercedes C մակնիշի 34 AN 407 համարանիշի ավտոոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով BMW-ն դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով` բախվել էլեկտրասյանն ու խաչմերուկում երթևեկությունը կարգավորող լուսակիրին / սվետաֆոր/: Վթարի հետևանքով BMW-ի վարորդը, ում կողաշրջված ավտոմեքենայի միջից դուրս են բերել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի, ոստիկանության կենտրոնական բաժնի ՊՊԾ-ի աշխատակիցները` քաղաքացիների և փրկարարների օգնությամբ` տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Էգդար Հայրապետյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել Երևանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանն ու Էրեբունու ոստիկանապետ Գևորգ Հակոբյանը: Դեպքի վայր է ժամանել Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթեևոսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քիչ առաջ ժամանեցին նաև Երևանի ոստիկանության պետ,, ոստիկանության գեներալ- մայոր Աշոտ Կարապետյանն ու ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը:
