Այլընտրանք ՀՀԿ-ին. (տեսանյութ)
Այսօր Գյումրիում հիմնվեց Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպությունը: Տարածքային կազմակերպության նախագահ ընտրվեց մասնագիտությամբ ինժեներ Հունան Մազմանյանը: Վարդան Օսկանյանը բավական ընդգրկուն ելույթ ունեցավ՝ պարզաբանելով կուսակցության հիմնելու նպատակը ու ծրագրերը: «25 տարի անց, երբ նայում ենք մենք մեզ, կարծում եմ բոլորդ կհամաձայնվեք, մենք պակաս բավարարված ենք իրավիճակից: Երբ քայլում ես թեկուզեւ Երեւանի փողոցներով, բայց առավել եւս Գյումրիի, հատկապես ներքին փողոցներով, զգում ես, որ 25 տարի անց մեր անկախությունից թերեւս մենք չենք կարողացել լուծել մեր ժողովրդի ամենակենսականը: Էլ չեմ ասում, երբ զրուցում ես մարդկանց հետ, հատկապես Երեւանից դուրս՝ Հայաստանի երկրորդ, երրորդ, այլ քաղաքներում, գյուղերում, երբ զգում ես, որ իսկապես նորից մեր ժողովուրդը պանդուխտի ցուպը վերցրել է իր ձեռքը: Երբ արդեն 25 տարի է՝ մենք հասել ենք մեր երազանքին. ունենք պետություն, բայց թերեւս մեր ժողովրդի ստվար հատվածի աչքը դերսերում է: Մի՞թե իսկապես 25 տարի անց հայրենի պետությունը, իշխանությունները չէին կարող մեր ժողովրդի անվտանգությունն ապահովել, լուծել նրա ամենատարրական կենցաղայինը: Իհարկե, կարելի է.. Ի դեպ, 25 տարի անց մեր անկախությունից հայրենի պետությունը չի կարող հույս, հավատ ներշնչել մեր հասարակությանը, այս երիտասարդությանը, որ իրենք իրենց ապագան տեսնեն իրենց հայրենիքում: Իհարկե, կարող են, ասեմ, որ ժողովուրդը շատ բան չի ուզում, ուզում է հանգիստ ապրել իր հողում, ապրել արժանավայել, իրեն զգալ ապահով, սա ընդամենը սահմանադրական պահանջ է, տրված է ժողովրդին օրենքի սահմանում»,-ասաց Վարդան Օսկանյանը: Նա նշեց, որ «Համախմբում» կուսակցությունը ստեղծվում է ժողովրդի համար ճակատագրական պահի. մի կողմից պատերազմի մեջ ենք, մյուս կողմից մեր տնտեսությունը լճացման մեջ է, արտագաղթը չի կանխվում: Բանախոսի ասելով, իր կուսակցության մեջ համախմբվել են մի խումբ նվիրյալներ, որոնք անցած ճանապարհ ունեն, գիտեն խնդիրները ու պատրաստ են դրանք արագ լուծել: Վարդան Օսկանյանի մեկնաբանմամբ, «Համախմբումը» կուսակցություն է այնքանով, որքանով օրենքն է պահանջում, իրականում այն ժողովրդական շարժում է, որն այլընտրանք է լինելու իշխող կուսակցությանը: Ըստ նրա, այնպես պետք է անեն, որ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ժողովուրդը երկու ընտրանք ունենա. մեկը իշխող կուսակցությունը, որն ուզում է պահել իր իշխանությունը, բայց իր հետեւում չունի որեւէ հաջողություն, մյուսը «Համախմբումը»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ Aravot.am © 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից
