Ներկայացվել են կոնկրետ առաջարկներ. Նալբանդյան
ՆԱՏՕ-ի գագաթաժողովից շրջանակներում ՀՀ նախագահի հանդիպումներում ԼՂ խնդրի շուրջ քննարկումները վերաբերել են այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում եւ վերահաստատվել Սանկտ-Պետերբուրգում։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, Վարշավայում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Այդ պայմանավորվածությունները եթե իրականացվեն, համապատասխան պայմաններ կստեղծվեն, ինչպես որ մենք բազմիցս ասել ենք, խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Եվ գլխավոր թեման հենց սա էր։ Խոսքը, գիտեք, հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին է։ Եռանախագահող երկրները ներկայացրել են կոնկրետ առաջարկներ։ Չնայած Ադրբեջանը ձեւացնում է, թե չգիտի ինչի մասին է խոսքը, բայց եռանախագահող երկրները բավական մանրամասն առաջարկներ են ներկայացրել, եւ Հայաստանը արձագանքել է եւ տվել է իր, ընդհանուր առմամբ, դրական կարծիքը այս մեխանիզմի ստեղծման առնչությամբ»,-ասել է Նալբանդյանը՝ հավելելով, որ տարիներ շարունակ այս նախաձեռնությունը քննարկվում է. «Դա եռանախագահող երկրների նախաձեռնությունն էր։ Դեռ 2011, 2012թթ. Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած գագաթաժողովների արդյունքում հրապարակվեցին համապատասխան հայտարարություններ, որոնցում հստակ նշվում էր այս մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության մասին, բայց ամեն անգամ Ադրբեջանը հետ քայլ էր կատարում: Այս անգամ եւս Վիեննայից եւ Սանկտ-Պետերբուրգից հետո Ադրբեջանը փորձեր է կատարում հետ կանգնել այդ պայմանավորվածություններից` ձեւացնելով, թե այդպիսի պայմանավորվածություն ընդհանրապես ձեռք չի բերվել։ Չնայած եռանախագահող երկրները Վիեննայի գագաթաժողովի արդունքում հրապարակած իրենց հայտարարության մեջ հստակ ասում էին, որ նախագահները պայմանավորվել են այդպիսի մեխանիզմի ստեղծման մասին»:
